Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված կարևոր հարցերի շուրջ  զրուցել ենք Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի պատվավոր դոկտոր, բժիշկ-վարակաբան Երվանդ Մանուկյանի հետ։

Ինչպե՞ս կմեկնաբանեք աշխարհում տեղի ունեցող գործընթացները կորոնավիրուսի համաճարակի բռնկման ենթատեքստում։

Այսօր աշխարհում ընթանում է պատերազմ երկու կենսաբանական տեսակների միջև՝ վիրուսի և մարդու։ Բնության մեջ գոյություն ունեն մի քանի միլիոն տեսակի վիրուսներ։ Գիտությանը հայտնի են դրանցից մոտ 6000-ը։ Բնության մեջ վիրուսների գոյատևման հիմնական նախապայմանը դրանց՝ նոր տերեր ձեռք բերելու ընդունակությունն է։ Իրականում վիրուսին «ցանկալի» չէ, որ ոչնչացնի իր տիրոջը, քանի որ դրանով կավարտվի նար վիրուսի կենսաբանական ցիկլը։ Ժամանակ առ ժամանակ վիրուսին հաջողվում է հաղթահարել տեսակային պատնեշը,  ներթափանցել նոր տեսակի մեջ՝ տվյալ դեպքում մարդու, և սկսել իր հաղթարշավը։ Ահա թե ինչ է տեղի ունեցել հիմա։ Եվ որքան արագ վիրուսը կարողանա բազմանալ կենսաբանական նոր տեսակի մեջ, այնքան մեծ է իր իսկ գոյատևման հավանականությունը։

Առհասարակ, ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի վերաբերյալ գիտական հանրությանը։

Կորոնավիրուսը բնության մեջ վիրուսի նոր տեսակ չէ։ Առաջին անգամ այն հայտնաբերվել է 1937 թվականին թռչունների մոտ և 1965 թվականին՝ մարդկանց։ Արդեն իսկ հայտնաբերված է կորոնավիրուսի 40-ից ավելի տեսակ։ Մինչև վերջերս համարվում էր, որ կորոնավիրուսի միայն 6 տեսակն է մարդու համար ախտածին։ Covid-19 շտամը, որը համաճարակային բռնկում է տվել աշխարհում, գիտության կողմից բացահայտված յոթերորդ տիպն է։
Կորոնավիրուսն իր առաջին բռնկումը տվել է Չինաստանում 2002-2003 թվականներին՝ առաջացնելով ատիպիկ թոքաբորբ/ SARS/։ Վիրուսը տարածվել էր 30 երկրներում։ Պետք է նշեմ, որ կորոնավիրուսն իր մահացության տեսակարար կշռով այդքան էլ մեծ չէ։ Այսպես, ի համեմատ SARS—ի, որն ունի 9,6% մահացություն, կամ H1N1 վիրուսի՝ 17,4% մահացությամբ, նոր կորոնավիրուսի մահացությունը գնահատվում է 2,3-3,3%։
Ապացուցված է, որ կորոնավիրուսը քայքայվում է 56 աստիճան ջերմաստիճանում 15 րոպեների ընթացքում։ Հետևաբար, սխալ է այն կարծիքը, որ ամռանը կորոնավիրուսն ինքն իրեն կվերանա։ Ցավոք, մենք չենք կարող ապավինել ամռանն ու արևին։ Էպիդեմիկ շղթաները պետք է ընդհատվեն․ հույսը չի կարելի դնել բնության վրա։

Ինչպե՞ս կարելի է կանխարգելել կորոնավիրուսը։

Առայժմ չկա կորոնավիրուսի հատուկ կանխարգելիչ միջոց, ինչպես և չկա կորոնավիրուսի սպեցիֆիկ բուժման միջոց։ Ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում առհասարակ գոյություն ունի սպեցիֆիկ կանխարգելման մեթոդաբանություն։ Խոսքը գնում է պատվաստանյութերի մասին։ Երբ դեկտեմբերի 8-ին Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, հունվարի 10-ին չինացի գիտնականներն արդեն իսկ բացահայտել են վիրուսի գենոմը, ինչի արդյունքում լուծվեց երկու կարևոր հարց․ հնարավոր եղավ ախտորոշել վիրուսի տեսակը ու հիմք դնել պատվաստանյութ գտնելու գործընթացին։ Այսօր աշխարհի լավագույն գիտական կենտրոններում կատարվում են հսկայածավալ բժշկագիտական հետազոտություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու համար։ Միացյալ Նահանգներում, օրինակ, մեր հայրենակից Նուբար Աֆեյանի կողմից ղեկավարվող Մոդերնա թերապևտիկ ընկերությունում գնում են պատվաստանյութի սինթեզի աշխատանքներ։ Կամ Կանադական Մեդիկագո բիոտեխնոլոգիական ընկերությունը շատ հետաքրքիր լուծումներ է փորձում գտնել գենային ինժեներիայի միջոցով։ Մեդիկագոյում վիրուսի գենոմը ներարկում են ծխախոտաբույսի բակտերիաների մեջ, և բույսից ստացվող սպիտակուցը մշակում այնպես, որ ստացվի համապատասխան պատվաստանյութ։ Նույն այս Մեդիկագո ընկերությունը 2009 թվականին կարողացել է սինթեզել H1N1 վիրուսի պատվաստանյութ, որն այսօր հաջողությամբ կիրառվում է։

Եթե պատվաստանյութ դեռևս չկա, ինչպիսի՞ն պետք է լինեն հակահամաճարակային միջոցառումները։

Հակաէպիդեմիկ միջոցառումների մեջ առաջին տեղում պետք է լինի մեկուսացումն ու էպիդեմիկ շղթայի կազմալուծումը։ Եթե մենք չենք կարող բոլորին հստակ ախտորոշել, ապա բոլոր ջերմող ու հարբուխ ունեցող հիվանդներին պետք է գնահատենք որպես պոտենցիալ կորոնավիրուսով հիվանդներ։ Այդ մարդիկ պարտադիր պետք է մեկուսացվեն։ Այստեղ շատ մեծ դերակատարություն ունի ինքնագիտակցությունն ու ինքնամեկուսացման գիտակցված կիրառումը։ Ինչու՞ Չինաստանը կարողացավ օպերատիվ հաղթահարել այս խնդիրը։ Պատճառն այն է, որ նրանց հաջողվեց ընդհատել էպիդեմիկ շղթան։ Այստեղ դեմոկրատիա չի կարող լինել։ Այստեղ երկընտրանք չի կարող լինել։ Պետք է խստագույն մեթոդներով կարողանալ կասեցնել վիրուսի առաջխաղացումը։

Ինչպե՞ս կարելի է կոտրել էպիդեմիկ շղթան։

Կորոնավիրուսի ռեպրոդուկցիայի ինդեքսը հավասար է չորսի։ Այսինքն, կորոնավիրուսը պահպանում է իր կենսունակությունը և կարողանում է շարունակել իր հաղթարշավը, եթե վարակված ամեն մարդ վարակում է չորս և ավելի մարդու։ Հակառակ դեպքում վիրուսը դատապարտված է ոչնչացման։ Էբոլա վիրուսի համար այդ ցուցանիշը հավասար է երկուսի, կարմրախտի համար՝ վեցի, կարմրուկի համար՝ տասնհինգի։ Հատկանշական է, որ սեզոնային գրիպի համար ռեպրոդուկցիայի ինդեքսը նույնպես չորս է։ Ստացվում է, որ եթե հնարավոր լինի վարակված յուրաքանչյուր մարդու մեկուսացնել այնպես, որ նա չվարակի հասարակության ևս չորս անդամների, վիրուսը կավարտի իր կենսաբանական ցիկլը։

Ո՞րն է վիրուսի խոցելի խումբը։ Ու՞մ է պետք պաշտպանել առաջին հերթին։

Նոր կորոնավիրուսը ներթափանցում է թոքեր։ Դեպքերի 80%-ում այն մարդու վրա որևէ  բացասական հետևանք չի թողնում։ Խնդիրն այն է, որ սա կորոնավիրուսի նոր տեսակ է, որը ներթափանցել է մարդու օրգանիզմ։ 20%-ի մոտ վիրուսի բացասական հետևանքները դրսևորվում են խոցելի խմբի մոտ՝ 60 տարեկանից մեծ մարդիկ, քրոնիկ բոլոր տեսակի հիվանդություններով տառապող մարդիկ։ Չինացի բժիշկները պարզել են, որ այնտեղ մահացածների երկու երրորդը կազմել են տղամարդիկ, մեկ երրորդը՝ կանայք։ Մահացածների 80%-ը եղել են 60-ից ավել տարիքի մարդիկ։ Մահացածների 75%-ը ունեցել են քրոնիկ հիվանդություններ՝ սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, թոքային պաթոլոգիա։ Չինաստանում մահացության միջին ցուցանիշը կազմել է 2-2.2%, իսկ Իտալիայում այդ ցուցանիշն արդեն մոտենում է 7%—ի։

Ինչպե՞ս կարելի է կլինիկորեն տարբերել նոր կորոնավիրուսը․ որո՞նք են ախտանշանները։

Կորոնավիրուսը կլինիկորեն հստակ տարբերակել հնարավոր չէ։ Այն շնչառական վիրուսների դասին է պատկանում։ Բայց Չինաստանի վիճակագրությունը վկայում է, որ հիվանդների 89%-ի մոտ եղել է 38-38.5 ջերմություն, 81%-ի մոտ եղել է չոր հազ։ 31%-ի մոտ եղել են հեռահար խզոցներ, շնչահեղձուկ, 11%—ի մոտ են եղել մկանահոդային ցավեր, և միայն 4%-ի մոտ է նկատվել քթահոսություն։ Այսինքն, սրանք այն կլինիկական նշաններն են, որոնց առկայության դեպքում, հաշվի առնելով էպիդեմիկ իրավիճակը, յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր բուժաշխատող պետք է առաջին հերթին մտածի վիրուսի պոտենցիալ առկայության մասին։ Իհարկե, ախտորոշել կարող ենք թեստի միջոցով միայն, բայց եթե մարդու մոտ կա քթահոսություն, սա բավականին ծանրակշիռ փաստ է վիրուսի առկայությունը բացառելու համար։

Ինչպե՞ս են մարդիկ վարակվում վիրուսով։

Նոր կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Գրկախառնություն, ձեռքով բարևել, համբուրվել։ Գոյություն ունեն վարակի փոխանցման ռիսկի գործոններ։ Կորոնավիրուսի դեպքում դրանք մի քանիսն են․ նվազագույն հեռավորությունը մարդկանց միջև չպաշտպանված կոնտակտի դեպքում պետք է լինի նվազագույնը մեկ մետր։ Վարակման հավանականությունը խիստ մեծանում է փոքր և չօդափոխվող տարածքներում 15 րոպե և ավելի գտնվելու դեպքում։ Առանձնացված են նաև վարակման ռիսկի առարկաներ, որոնք մեր կենցաղում թերևս մեծ դերակատարություն ունեն։ Դրանք են հեռախոսները, դրամապանակները, պայուսակներն ու, վերջապես, փողը։ Կա հստակ վիճակագրություն, որ փայտի և պլաստիկի վրա վիրուսն ընդունակ է գոյատևել մինչև 48 ժամ, հագուստի վրա՝ 12 ժամ, մետաղական մակերեսների վրա՝ մինչև 24 ժամ։ Այսինքն, բոլոր այս մակերեսները դառնում են վիրուսի փոխանցման պոտենցիալ առարկաներ։ Ապացուցված է նաև, որ յուրաքանչյուր մարդ ակամայից օրվա ընթացքում նվազագույնը 100 անգամ չգիտակցված ձեռք է տալիս իր դեմքին։ Իհարկե, դա կարող է դառնալ նաև վիրուսի փոխանցման հնարավորություն։

Ինչպե՞ս են թեստավորում պացիենտներին՝ արյա՞ն միջոցով։

Ոչ, թեստավորում են քթից կամ բերանի խոռոչից վերցրած լորձի նմուշի հիման վրա։ Թեստի արդյունքները հայտնի են դառնում երկու ժամվա ընթացքում։ Նաև ապացուցված է, որ եթե սատուրացիան՝ այսինքն արյան հագեցվածությունը թթվածնով ցածր է 92%—ից, իսկ մարդու մոտ առկա են կլինիկական ախտանիշներ, էպիդեմիկ վիճակում մենք պետք է մտածենք հնարավոր վարակվածության մասին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *